Երկիր ներկայացնելը պատվախնդիր գործ է, իսկ առավել ևս պատվով ներկայացնելը բարձր գնահատականի արժանի ազգանվեր հաջողություն. չէ որ յուրաքանչյուր հաղթանակ այս դեպքում, առաջին հերթին երկրինն է: Ա յս տրամադրությունն էր տոնական դարձրել Զվարթնոց միջազգային օդանավակայանի սպասասրահը, որտեղ ազգային երգ ու պարով դիմավորում էին մեր երկիրը միջազգային մարզական հարթակում պատվով ներկայացրած մարզիկներին: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 4-ին կայացած Սոկե Կուբոտայի 51-րդ (All star) միջազգային բաց առաջնության ընթացքում փայլուն ելույթ ունեցած և մարզական հաջող արդյունք ցուցաբերած Ա. Շիրակացի կրթահամալիրի Կարատեի ակումբի մարզիկները Հայաստան էին վերադարձել ոսկե և արծաթե մեդալներով՝ մեկ անգամ ևս միջազգային մրցահարթակում բարձր պահելով հայոց եռագույնը: Մարզիկներին իր պարային ուշագրավ ողջույնն էր բերել նաև Ծիրանի պարային համույթը՝ տոնական օրվան հաղորդելով առավել բարձր տրամադրություն:
Հայ մարզիկներին ողջունելու, նրանց նորանոր հաջողություններ մաղթելու նպատակով հոկտեմբերի 13-ին Ա. Շիրակացի կրթահամալիրի Կարատեի ակումբի մարզիկներին իր աշխատասենյակում հյուրընկալեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 4-ին կայացած Սոկե Կուբոտայի 51-րդ (All star) միջազգային բաց առաջնության ընթացքում փայլուն ելույթ ունենալու և Նոր Նորքի պատիվը բարձր պահելու համար՝ վարչական շրջանի ղեկավարը մարզիկներին և մարզիչ Արման Ղարախանյանին պարգևատրեց շնորհակալագրերով, պատվոգրով և հուշանվերներով: Մեր ստեղծագործական կազմը ևս միանում է բազմաթիվ շնորհավորանքներին՝ հայ մարզիկներին մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ:
Նկարները՝ այստեղ