понедельник, 17 сентября 2012 г.

Գոգոլի անվան թիվ 35 դպրոց "Մնաս բարով դպրոց" 2008թ.

Հազարամյա արժեքներով հարուստ հայ ժողովրդի կյանքում կրթությունը մշտապես կայուն դերակատարություն է ունեցել, մի իրողություն, որը նաև անշեջ կանթեղի պես ուղեցույց է եղել պատմության դժվարին քառուղիներում՝ դարձնելով ազգը տոկուն և անպարտելի:
1941թ-ին հիմնադրված Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը հիմնադրման օրվանից առայսօր հավատարիմ է եղել կրթական լավագույն ավանդույթներին՝ իր գործունեության հիմքում ունենալով մտավոր բարձր կարողություններով օժտված անձի ձևավորման կարևոր առաքելությունը:  
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում գործում են ռուսական ուղղվածությամբ դասարաններ, այս առումով կրթօջախը միակն է Էրերբունի և Նուբարաշեն համայնքներում: Ապահոված լինելով ջեռուցման ցանցով և կաթսայատնով՝ դպրոցն առավել ուշադրություն է դարձնում կրթական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:  
ՏԵՍԱՖԻԼՄ
 Պատահական չէ, որ կրթօջախի բազում սաներ իրենց մասնակցությունն են ունեցել հանրապետությունում իրականացվող տարբեր օլիմպիադաների ՝ զբաղեցնելով արժանի հորիզոնականներ: Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը մշտապես անմնացորդ սիրով և նվիրումով է ընդունել և կյանք ճանապարհել իր սաներին:  
Թերևս այդ անկեղծ սիրո փոխադարձ դրսևորումն էր ավարտական վերջին զանգի հանդիսավոր արարողությունը: Կրթօջախը դեպի մեծ կյանք էր ուղեկցում յոթ 11-րդ դասարանի՝ շրջանավարտների մի ստվար բանակ, որոնցից յուրաքանչյուրի համար դպրանոցը եղել է հարազատ օրրան:  Կրթության և գիտության այս տաճարում յուրաքանչյուր մանկավարժ խորին պատասխանատվության գիտակցումով է իրականացրել իր վեհ առաքելությունը, քանզի սերնդակրթությունը սուրբ գործ է և պետք է կազմակերպվի ամենայն ճշգրտությամբ:
Հմուտ մանկավարժ կադրերի շնորհիվ աշակերտները որդեգիրն են դարձել ազգային լավագույն արժեքների և ավանդույթների, ուսանել են բարոյական և գեղագիտական որակներ, յուրացրել են խորը գիտելիքներ, որոնց շնորհիվ թիվ 35 դպրոցի շրջանավարտերից շատերը այսօր արդեն հաստատուն տեղ են գտել կյանքում՝  բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվն ու վարկանիշը:
Վերջին զանգի արարողությանը թիվ 35 դպրոցի յոթ 11-րդ դասարաններից յուրաքանչյուրը ներկայացավ ինքնատիպ ոճով:
Հանդիսությանը աշակերտները պատրաստվել էին շատ երկար, քանզի հրաժեշտ էին տալու մի կրթօջախի, որը ուսումնական հաստատությունից զատ ջերմ օրրան է եղել սաների համար, ուղեկցել է  դեպի գիտության անդաստանները, կրթել է սերունդներ, որոնց շնորհիվ հայ ազգը աշխարհին է ներկայացել զորեղ ոգով և  մտավոր ներուժով:
Մոտ 70 տարվա կենսագրություն ունեցող կրթօջախի կյանքում կրկին հասել էր բաժանման պահը: Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը կյանք էր ճանապարհում իր սիրելի շրջանավարտներին: Իրողությունը, արդարև, հուզիչ էր և հիշարժան, չէ՞ որ այս նվիրական հաստատության կամարների ներքո էր ձևավորվել յուրաքանչյուր աշակերտի կենսագրութան կարևոր էջը՝ կյանքի ուղի՝ լեցուն բազմաթիվ ձեռբերումներով և նվաճումներով, զգացմունքներով և դպրոցական անմոռաց հուշերով:
 
Հնչում էր վերջին զանգը՝ վերջին ղողանջը այն ջերմ կրթօջախի, որը ջանադրաբար գիտության սերմեր է տարածել շրջանավարտների ոգում, որտեղ յուրաքանչյուր մանկավարժ վեհության գիտակցումով է նվիրաբերվել իր առաքելությանը, որտեղ գիտելիքը լույս է առկայծում, իսկ միտքը՝ թռիչք, և այս երկուսի համադրությամբ էլ ձևավորվում է անձը՝ պետության վաղվա քաղաքացին:
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տարեվերջյան միջոցառումը աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Յոթ դասարաններից  յուրաքանչյուրն արարողությանը պատրաստվել էր դեռ վաղուց. չէ որ վերջին զանգը կրթօջախի հետ կապված վերջին հուշն էր դառնալու: Շրջանավարտները համախմբված էին և միասնական, բոլորի սրտերում անթեղված հուշեր էին, բաժանումի ու կարոտի լուռ զգացողություններ:
Միջոցառման ընթացքում հնչեցին բազում գովեստի և գնահատանքի խոսքեր՝ կապված սիրելի ուսուցիչների և տնօրենի հետ: Մեծարվեց մանկավարժի կոչումը և նրա առաքելությունը կրթության բնագավառում: Դպրոցական առօրյայից քաղված հումորային դրվագները արարողությանը իրավամբ տոնական երանգ հաղորդեցին: Աշակերտական անմեղ կատակները ծածկվել էին անցյալի մշուշով. շրջանավարտների անթաքույց ժպիտներն ու գորովալից հայացքները միմիայն երախտագիտության զգացմունքներ էին արտացոլում, և մեծ կյանքի նախաշեմին յուրաքանչյուր ոք առավել հստակ էր գիտակցում "ուսուցիչ" գաղափարի վեհությունը:
Միջոցառման ընթացքում ուրույն շեշտադրություն ստացավ հայկական բանակի թեման, քանզի այսօրվա շրջանավարտը վաղվա զինվորն է, վաղվա զորեղ բանակի հզոր մարտիկը, ասել է թէ վաղվա ամուր և պաշտպանված հայրենիքի հուսալի հիմնաքարը: Թիվ 35 դպրոցում, ուսանելով հայրենասիրական բարձր գաղափարներ, յուրաքանչյուր շրջանավարտ պատասխանատվության խորը զգացումով է վերաբերում այս հարցին, քանզի գիտակցում է, որ ամուր և հզոր հայրենիքում են ձևավորվում հաղթանակների և նվաճումների հաստատուն հիմքերը :  
Թիվ 35 դպրոցը իր գոյության ողջ ընթացքում բարու և գեղեցիկի, կրթության և լույսի անսպառ աղբյուր է եղել իր սաների համար, գիտության ակունք, որի հիմքում հմուտ և մասնագիտական խորը պատրաստվածություն ունեցող մանկավարժների արգասավոր փորձն ու անկեղծ նվիրումն է: Կրթօջախում առկա հաջողություններն ու առաջընթացը մեծ մասամբ պայմանավորված են տնօրեն Ասատուր Սարյանի ծավալած հետևողական և նպատակասլաց գործունեությամբ: Հմուտ մանկավարժը հստակ գիտակցում է, որ դպրոցը այն մայր դարբնոցն է, որտեղ կոփվում է մեր հանրապետության վաղվա սերունդը՝  երկրի արժանի քաղաքացին:
Հպարտությամբ կերտելով իր տարեգրության լուսավոր էջերը՝  Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը մեկ սերունդ ևս ճանապարհեց հասուն կյանք՝ ժառանգություն թողնելով նվիրյալ մանկավաժների գիտելիքներն ու խորհուրդները, դասեր, որոնք ճշգրիտ ուղեցույց կլինեն կյանքի հարափոփոխ երթին:
«Դպրության ղողանջներ» հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը ի սրտե շնորհավորում է բոլոր շրջանավարտներին՝ ավարտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թող վերջին զանգի ուրախ ղողանջները մշտարթուն ուղեկցեն ձեզ, սիրելի շրջանավարտներ և խորհրդանշեն պայծառ գալիքի խոստումնալիս սկիզբը: 

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

Գոգոլի անվան թիվ 35 դպրոց ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ


Հայ ժողովրդի ազգային դիմագիծը պատկերելիս առաջին հերթին նշմարվում են հոգևոր արժեքներով ներհյուսված հիմնասյուները, որոնց խրոխտ շղթայում իր բազմամյա տարեգրությամբ առանձնահատուկ նշանակություն ունի հայոց գրական ժառանգությունը: 
 Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը իր աշխատանքային գործունեության ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տվել հայ գրականության մեծերի ավանդած արժեքների յուրացմանը:
 Որպես գիտության տարածման ազնիվ մշակ՝ կրթօջախը սաների հոգում սերմանել է կյանքի ճանաչման և գնահատման ինքնատիպ մտածողություն:  
Դասեր քաղելով մեր մեծանուն գրողների ժառանգած գաղափարներից՝ թիվ 35 դպրոցը մշտապես անմահացրել է նրանց հիշատակը՝ աշակերտների մեջ ձևավորելով հայեցին պահպանելու անաղարտ հոգեբանություն:  
 


Այս նպատակին էր միտված նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որին կրթօջախը նախապատրաստվել էր մեծ նվիրումով և ոգևորությամբ:
Գնահատելով հայրենասեր գործչի դավանած վեհ գաղափարները՝ աշակերտները միջոցառման ընթացքում որպես նշանաբան կրկին անմահացրեցին համաշխարհային նշանակության սարոյանական տողերը՝ “Փնտրիր բարին ամենուրեք… և թող նա լինի ազատ ու աներկյուղ: Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից... Եվ քանի ապրում ես, ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա՛ կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ”:
Հոբելյանական միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրություն ստացավ Սարոյանի ստեղծագործություններում թևածող հայկական ոգու թեման, որն ամփոփվեց մեծ հայրենասերի հետևյալ մտքով.
 “Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որը նկարագրում ՝ ամերիկյան, բայց ոգին, որ ինձ մղում է գերլու՝ հայկական է. Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում են հայ գրողների ընտանիքին ”: Այս տողերը Վիլյամ Սարոյանը արտահայտել է մեծ հպարտությամբ՝ հայոց ոգին համարելով, որպես առաջ մղող զորեղ ուժ, միավորող գործոն, որի հաղթանակը պայմանավորված է սիրո և համերաշխության զուգակցմամբ: “Սերն անմահ է ատելությունը մեռնում է ամեն վայրկյան”: Հոբելյանական ցերեկույթի ընթացքում սաները բեմականացրել էին Վիլյամ Սարոյանի “Իմ սիրտը լեռներում է” դրամատիկական երկը, որը փայլուն ընդունելություն գտավ հանդիսատեսի կողմից: 
Սարոյանական տարվա շրջանակներում Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի կողմից իրականացված հերթական նախաձեռնությունը “Մարդկության տունը”  ժողովածուի հրապարակումն էր, որտեղ զետեղվել էին Վիլյամ Սարոյանի դպրոցական թեմայով ստեղծագործությունները: 
Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին թիվ 35 դպրոցի կողմից կազմակերպված ձեռնարկները սիրո և նվիրումի առհավատչյա էին նվիրյալ գործչի անմահ հիշատակին:   "Մարդկության տունը"  ժողովածուի ստեղծման աշխատանքներում իր եմ մեծ ներդրումն ունի կրթօջախի տնօրեն ԲԳԹ Ասատուր Սարյանը: Վերջինս կրթության ոլորտում մշտապես ներկայանում է առաջամարտիկի հաստակ ձեռագրով:
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը մեկ կարևոր դաս ևս սերմանեց իր սաների հոգում՝ հավաստելով հայի դարավոր կեցության իմաստուն խորհուրդը՝ բարության լուսավոր հետքերով հաղթահարել անանցանելի ուղիները և հավաքական ուժերով հասնել նորանոր վերելքների:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

вторник, 7 августа 2012 г.

ՈՒկրաինայի կրթության և գիտության նախարարության Տերնոպոլի Ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ 2012

Կյանքը ամենաճմարիտ համալսարանն է: Նրա դասերը միանշանակ հիշեցնում են` այն երիտասարդը, ով հենց սկզբում ճիշտ է ընտրում իր մասնագիտությունը, բարեկեցիկ ու լիարժեք ապրելու հնարավորություն է ձեռք բերում: Ճիշտ հիմքի վրա միշտ էլ կարելի է նորը ստեղծել, կամ` եղածը վերափոխել: Եվ բնականաբար, ճիշտ մասնագիտություն ընտրելու համար հարկավոր է նախ երազանքին ու նպատակին համահունչ կրթօջախ ընտրել:
Արդեն տասնամյակից ավելի է, ինչ առաջին հայացքից պարզ, բայց իրականում ամենաբարդ քայլի ճմարտացիությանը համոզվել են հարյուրավոր երիտասարդներ ՈՒկրաինայի կրթության և գիտության նախարարության Տերնոպոլի Ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի օրինակով: Իսկ այդ մասին, անշուշտ, լավագույնս կվկայեն հատկապես նախորդ տարիների շրջանավարտները:
2012-ի շրջանավարտների համար ևս պատմություն դարձավ սիրելի կրթօջախում ուսումնառությունը, բայց իրենց պատանեկության հուշաշխարհում և մասնաճյուղի տարեգրության մեջ մնալու են սրտի թրթիռով ու երազանքներով, գիտության դժվարին կածաններով անցնելու համառ ընթացքի ու ավարտական հուզումանալից պահերը: Թեև ժամանակը շատ բան մոռացության կտա, բայց հիշարժան պահերը միշտ էլ ապրելու են ողջ կյանքի ընթացքում:Երևանյան այս կրթօջախը կյանքի համալսարանի շարունակությունն է:
Վերհիշենք կյանքի իմաստուն դասերից մեկը. երբ նավապետը փորձված է և հմուտ, ցանկացաց փոթորկոտ ալիք փշրվում է նավակողերին, իսկ նավարկողները բարեհաջող ցանկալի ափ ոեն հասնում: Նույնն է մարդկային հարաբերություննեում և հատկապես կրթության ոլորտում: Հմուտ նավապետի պես այս կրթօջախը կրթության և իմացության մեծ ծովում անվարան առաջ է տանում Երևանյան մասնաճյուղի հիմնադիր ռեկտոր Սահակ Ղուդրատյանը:
Հայաստանի և տարածաշրջանի սահմաններից դուրս, բծախնդիր ու երբեմն քմահաճ Եվրոպաներում երևանյան այս կրթօջախը վաղուց արդեն միջազգային բարձր պարգևների է արժանացել: Ինչպես որ մեկ կաթիլ ջրով  հնարավոր է ծովի քաղցրությունը զգալ, նույն կերպ էլ կրթօջախի համար բավարարվենք մեկ օրինակով:
2010թ-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում "Առևտրի առաջնորդներ" կազմակերպության կողմից երևանյան մասնաճյուղին շնորհվեց "Նոր հազարամյակի միջազգային որակի նշան" հատուկ մրցանակ, իսկ կրթօջախի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը, որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար, արժանացավ Ոսկե մեդալի:
Սովորաբար, երբ մարդ որևէ հաստատություն է ավարտում, փակում է այդ էջը և նորը բացում, բայց այս մասնաճյուղում ուսումնառության էջը երբեք չի փակվում: Նույնիսկ տարբեր տարիների շրջանավարտները իրար ճանաչում են՝ մտերմացել են, նույն ջերմությամբ շարունակում են կապը կրթօջախի հետ, որն այդ բարեկամությունն է՝ կյանքի դաս:
Աշխարհի 82 երկրում այս բարձրագույն ուսումնական հաստատությունը իր շրջանավարտների համար աշխատանք գտնելու գործում կանաչ լույս է՝ պետական նմուշի դիպլոմով և ամենակարևորը՝ կայուն գիտելիքներով: Հենց դա է լավագույնս հավաստում կրթօջախի 10-ամյա տարեգրությունը:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Վրեժ Սարուխանյան, Vrej Sarukhanyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
 
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...