пятница, 3 февраля 2012 г.

ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆ

ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ  

 Սարգիս Նաջարյանը ծնվել է 1950թ. Երևանում, ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի անգլիական-բանասիրական ֆակուլտետը, Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության բաժինը, անցել խոսքարվեստի երեքամսյա հատուկ դասընթացներ Մոսկվայում:
1971-ին ընդունվել է հեռուստառադիոպետկոմ, վարել է մի շարք հաղորդաշարեր` «Համայնապատկեր», «Գրական կամուրջներ», «Կարոտ» և այլն: Պատրաստել է հեռուստատեսային հաղորդումներ, այդ թվում` Կոմիտասին նվիրված 12 ֆիլմ-ներկայացում, երեք տեսաֆիլմ` «Կոմիտասական» ընդհանուր  խորագրով: Եղել է ռադիոյի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագրության և մանկական ծրագրերի մշտական հաղորդավար-խմբագիրը: 1984-ին  շվեդ կինոռեժիսոր Փեո Հոլմքվիստի «Վերադարձ դեպի Արարատ» գեղարվեստական ֆիլմը հայերեն տարբերակը ներկայացրել է "Ռոսիա" կինոթատրոնում:
 Նկարահանվել է «Արամ Խաչատրյան» հեռուստաֆիլմում, «Տաճար» կամ «Սուրբ Էջմիածին» ֆիլմում, մասնակցել է «Հիսուսը Նազարեթից» ֆիլմի կրկնօրինակմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում :
Լոս Անջելեսի «Քինգ ընդ ֆեմիլի-301» ստուդիայի պատվերով ձայնագրել է «Մանկական Աստվածաշունչ» գրքի ձայներիզային տարբերակը, «Եղիշե Չարենց.1897- 1937-1997» գիրք-ձայներիզը:
Հինգ տարի խմբագրել և ընթերցել է «Եվ ասէ Աստված» հոգևոր ծրագիրը հանրային ռադիոյով: 1993-ին աժանացել է Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի արծաթե մեդալին, իսկ 2002թ.-ին` հոգևոր աշխարհում մատուցած ծառայությունների համար արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հատուկ շնորհակալագրին:
Նրա սցենարով բեմադրվել է «Կոմիտասը մեր աչքերով» պարային ներկայացումը: Իր անձնական միջոցներով թողարկել է Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմի, Սևակի «Անկեղծ ասած», «Կոմիտաս, հավերժի ճամփորդը», «Դասական պոեզիա», «Սայաթ-Նովա» ձայներիզները: «Կոմիտաս, հավերժի ճամփորդը» համերգ ներկայացմամբ, Երևանի ազգային օպերային թատրոնի մեներգչուհիների հետ, հանդես է եկել Աթենքի համազգային միությունում:
  2005թ-ին ճանաչվել է տարվա լավագույն ռադիոհաղորավար:  2006-ին կառավարության կողմից արժանացել է վաստակավոր արտիստի և լրագրողի կոչման:
2010-ին ավարտել է Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» 20 մասանոց ֆիլմի անգլերեն տարբերակի ձայնագրությունը:           
1986թ.-ից մինչ օրս պատրաստում և հանրային ռադիոյով վարում է «Գիշերն անույշ է» գրական- երաժշտական ժամանցային ծրագիրը:   
2012 թ-ին մայրենի լեզվի օրվա առթիվ արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալին և Երևանի քաղաքապետի պատվոգրին:
                     


ԹԱՆԿ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ  
«Ամեն րոպե ու ամեն վայրկյան պիտի սեր և հոգևոր լիցք փնտրես մարդկանց մեջ, ուրիշ ոչինչ չունես այս աշխարհում անելու: Եթե  դա չունես, ինչ ունես, սուտ է». իմ մայրիկը այդպիսին էր, այդպես էր իր զավակներին դաստիարակում:
          Մայրս ասում էր. «Մարդու մեջ գնահատիր հոգևորը, միշտ հոգին գնահատիր, մնացածը սուտ է, տղա'ս»: Ամբողջ էությամբ մորս նման եմ: Մենք շատ լավ դաստիարակություն ենք ստացել տանը, արվեստի հանդեպ սերը մայրիկիցս է եկել, պապիցս: Նախնիներս գաղթել են Ալաշկերտ-Բայազետից: Պապս շատ լավ երգում էր Մշո երգեր, երբ ես իրեն հարցնում էի` երգելիս ինչու՞ ես լաց լինում, ասում էր` բառերով չեմ կարող ասել: Գենետիկան և արմատների կանչը աննկարագրելի ճշմարտություն է, դա իմ վրա եմ զգում:   
                                                         
ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է (FM 107.7)

Առաջին անգամ Հրաչուհի Ջինանյանի հետ ռադիոյում   միկրոֆոնի առաջ նստած, աննկարագրելի հուզվել էի: Ասացի.
-Հրաչուհի Արտյոմովնա, ինչ ամոթ է, որ ես Ձեր կողքին նստել եմ, ինչ ամոթ է:
Ասում էր.                            
- Տղաս, կգա ժամանակ, քեզ էլ կասեն` ինչ ամոթ է, որ քո կողքին եմ նստել, բայց դա ամոթ չէ: Ուրեմն ինչ որ տեղ  մի արժանիք ունես, որ կողքիս ես նստել: Բայց դու դեռ պիտի սովորես:
   Եվ շատ հետաքրքիր էր, որ իմ նկատմամբ ինքը միշտ ջերմ էր` այս հրաշք, արվեստագետ, խոսքի մեծ վարպետ կինը` ռադիոյի հիմքերի հիմքը:
  Մեծերի խոսքը միշտ կարող է լինել քո կողքին: Ես բեմի վրա առիթը օգտագործում եմ միշտ նրանց անունները տալու, նրանց ներկայացնելու` իմ լավագույն ուսուցիչներին, որովհետև ինչի ես որ հասել եմ, ինչ որ ունեմ, այն հանպազօրյա հացի մեջ, որ ես տուն եմ տանում, իրենց լուման կա: Ռադիոյի ու հեռուստատեսության հիմնադիրների շարունակությունն ենք մենք, ինչպե՞ս կարելի է անտեսել նրանց:
Հրաչուհի Ջինանյանը ասում էր, որ կյանքի հոգու հատկանիշները, որակները անպայման բեմ տար, որպեսզի հեռուստադիտողը, ռադիոլսողը կամ քեզ դիտողն ու ունկնդրողը քո կյանքի հատկանիշները, որակները նաև բեմի վրա տեսնի, որպեսզի նա քեզ չտարբերակի` կա մեկ Սարգիս կյանքում, կա երկրորդը` բեմի վրա:
   Արվեստագետը կյանքում նույնն է, ինչ որ բեմի վրա` արվեստի հետ կապված իր բարձր որակներով, եթե անկեղծություն կա մեջը, դա իսկապես արվեստ է: Ամենամեծ դատավորը հանդիսատեսն է:
   Ջինանյանն ասում էր նաև` այնպես կարդացեք, որ ձեզ ռադիոյով տեսնեն: Այ, ես դրա կողմնակիցն էի: Ռադիոլսողներ եղան, ովքեր նկարագրում էին մեզ, և շատ ճիշտ էին նկարագրում, հատկապես կույր ունկնդիրները:                                     
  Երբ հանդիսատեսը կամ ռադիոունկնդիրը ինձ տուն է զանգահարում կամ պատահական փողոցում է տեսնում և շնորհակալություն հայտնում, ես ոչ միայն հուզվում եմ, նաև ասում եմ ինքս ինձ. «Սարգիս, ուրեմն դու վաղը ավելի լավը պիտի լինես, ավելի նոր բան պիտի անես, որ գոհացնես, որովհետև գնահատող կա»:    

                            
«ԳԻՇԵՐՆ ԱՆՈՒՅՇ Է»

     Տասնութ տարեկանից ռադիոյում, հեռուստատեսությունում աշխատում եմ և ունեմ իմ հեղինակային ծրագիրը` «Կեսգիշերից առաջ», որ հիմա կոչվում է «Գիշերն անույշ է»: Դա գրական-երաժշտական, ինչ որ տեղ նաև ժամանցային, բայց գիշերային ծրագիր է, որովհետև յուրաքանչյուր օրվա տարբեր հատվածներ իրենց պահանջներն ունեն: Դա հանգստացնող, երաժշտական, հայեցի ծրագիր է` պատմություն, արվեստ, պոեզիա. այդ բոլորը շաղախված են օրգանապես նաև երաժշտական կատարումներով: Այս ծրագրում ես շեշտում եմ դասական մնայուն պոեզիան:                                
                                    
«ՎԵՄ»`  ՀՈԳԵՎՈՐ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ      

      Ստեղծման առաջին օրվանից` 8-9 տարի առաջ ես ընդունվեցի «Վեմ» ռադիոկայան:  Դա այն ժամանակ էր, երբ մի ալիք բարձրացավ ժողովրդի մեջ` աստվածավախություն, ճանապարհ դեպի Քրիստոս: Նաև մեծ գործ արեց այդ ժամանակահատվածում Լորիս Ճգնավորյանը, որ ֆիլհարմոնիայում սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի հետ էր աշխատում: Նրա հետ Վլադիմիր Աբաջյանը, Ամիրան Գալստյանը և ես միասին էինք հանդես գալիս:
       Շատ շոյվեցինք Վլադիմիր Աբաջյանը և ես, երբ  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը մեզ հրավիրեց Վեհարան, և մենք շնորհակալագիր ստացանք, որ աշխարհիկ մարդ լինելով հանդերձ` ութ տարի այդպես մասսայաբար ծառայել էինք հոգևոր աշխարհին:
         «Վեմ»  հոգևոր ռադիոկայանում Աստվածաշնչյան ընթերցումներ են Սուրբ գրքից, Սուրբ հայրերի գրվածքներ են, որը  լրիվ տարբերվում է իմ հանրային ռադիոյի աշխատանքից և ձայնի որակով, և վերաբերմունքով, և ընթերցանության ձևով, և մատուցմամբ: Այստեղ ավելի աննկարագրելի անկեղծ, ավելի հուզական և ավելի քան պատասխանատվություն ունեմ: Այստեղ լրիվ ուրիշ աշխարհ է, և ես ժամանակ առ ժամանակ ձայնագրող օպերատորին խնդրում եմ` դադար տա, որ ես ուշքի գամ, որովհետև հաճախակի այնպիսի ճշմարտություններ եմ կարդում, որոնք նաև իմ մեղքերի մասին  են, ու ես ուզում եմ մի քիչ դադար տալ, հետո շարունակել:                 
        Հիշում եմ` ես դեռ 6-րդ դասարանում ծնողներիս խնդրել էի ինձ ճեմարան ուղարկել`ուսանելու: Հայրիկս շատ աշխարհիկ էր, 60-ական թվականներն էին, կար Հայաստանի Հանրապետության եկեղեցիների քարտեզ, ես փակցրել էի տանը, մորուք էի պահում արդեն 10-րդ դասարանում, ուզում էի հոգևորական դառնալ, բայց քանի որ միակ տղան էի, մերժվեցի ծնողներիս կողմից, բայց Աստված լսեց իմ կանչը: Պատկերացրեք` սա մեծագույն ճշմարտություն է ինձ համար. տարիներ հետո Աստված ինձ երևի շատ ցածրաձայն կամ շատ լուռ ասաց. «Եթե դու այդքան շատ սիրում ես ինձ և ուզում ես իմ խոսքը կարդալ, խնդրեմ, ես հիմա կստեղծեմ այդ հնարավորությունները, սկզբից` Ճգնավորյանի ֆիլհարմոնիկ նվագախմբում հոգևոր ընթերցումներ, հետո` «Վեմ» ռադիոկայան: Իսկ հիմա Աստվածաշնչից կարդում եմ հատվածներ ֆիլմերի համար :
                                 
ՈւՆԿՆԴՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
            Վերջին շրջանում մի երկու զավեշտալի դեպք է եղել, երբ զանգել են ռադիո և ասել են. «Տեր Սարգսին կարելի՞ Է հեռախոսի մոտ»: Այսինքն` շատերը կարծում են, թե ես հոգևորական եմ: Ինձ մոտ կա հոգևոր լիցք, և դրան միանում է գեղարվեստական ընթերցանությունը: Գտնում եմ` հոգևոր աշխարհի այս ռադիոկայանը հրաշալի է, ես նույնիսկ տաքսի եմ նստել, տաքսու վարորդը «Վեմ» է լսել, և զարմացել եմ: Հարցնում եմ` «Այս ռադիոկայանն ե՞ք միշտ լսում», ասում է` «Գիտե՞ք ինչ լավ դասական երաժշտություն են տալիս»: Մի անգամ էլ  շատ հետաքրքիր զավեշտական դեպք  եղավ. օպերայում համերգ ունեի, նստել եմ տաքսի, վարորդը «Վեմ» ռադիոկակայան էր միացրել, ու ես եմ կարդում, ես սկսեցի ծիծաղել ինքս ինձ վրա: Մտքումս ասում  եմ` «Աստված իմ, այս ինչ հետաքրքիր գիտություն է, ես կենդանի նստած` լսում եմ ինձ»: Վարորդն էլ ռադիոյով է ինձ լսում, ու ասում է. «Այ մարդ, էս մարդը լավ է կարդում, էլի»: Վերջում` գումարը տալու ժամանակ, ասում եմ` «Վարպետ, գիտե՞ք, այդ ես եմ կարդում»: Գիտեք ի՞նչ է ասաց. «Այ մարդ, գնա գործիդ»:
     Ես շատ ուրախ եմ, որ 41 տարի այս աշխատանքն եմ կատարում: Եղել են շատ դեպքեր, որ մասնագիտական մասով` անգլերենի իմացությամբ, կարող էի արտասահմանում աշխատել կամ այլ` ավելի լավ վարձատրվող աշխատանք կատարել, բայց կատեգորիկ դեմ եմ եղել, ոչ մի բան չուզեցի, իմ առաքելությունը սա է: Մինչև վերջ պիտի խոսեմ, երբ որ Աստված ասի` բավական է, այդ ժամանակ կլռեմ: Ինքը դեռ չի ասում, ինձ իրավունք է տվել:
                                               
                         
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ

ԱՆՄԱՀ ԿՈՄԻՏԱՍԸ

        Մեր ժողովուրդը Կոմիտասի երգերի կարիքը շատ ունի, բայց պատրաստ չէ դրան: Գիտեք ինչու՞, որովհետև նախ և առաջ երևույթի էությունը պիտի հասկանաս, հետո նոր կարողանաս երևույթը ընդունել տարբեր կողմերից, գնահատել և այն քոնը դարձնել: Օրինակ` եթե դասական համերգ է, համերգային ծրագիր է, մտածում եմ.  «Ահա, առիթը ներկայացել է, ես անպայման մի բան պիտի կատարեմ Կոմիտասից»: Մի գիրք կա` «Ժամանակակիցները Կոմիտասի մասին», այդ գրքում կա փոքրիկ հատված, Փանոս Թերլեմեզյանի հուշն է` «Վերջին այցելությունս Կոմիտասին»:
     Ասմունքի մրցույթների ժամանակ, երբ ժյուրին գնում էր որոշելու` ով է հաղթել, ես օգտագործում էի այդ ժամանակահատվածը` երեխաների առաջ փոքրիկ` 10 րոպեանոց ելույթ ունենալու համար: Մի սեղմ, խտացված կոմիտասյան կերպար էի ստեղծել` Կոմիտաս բանաստեղծ, հայրենասեր, երգիչ` ամբողջը Թերլեմեզյանի հուշերից քաղված: Եվ այնտեղ կատարում էի «Մշո օրոր» երգից մի հատված, կոմիտասյան բանաստեղծության մի կտոր, հուզիչ տեսարան:
     Չեմ ցանկանում, որ Կոմիտասին կապեն միայն եղեռնի հետ: Մենք ասում ենք եղեռն, հասկանում ենք Կոմիտաս, ինչի՞ համար: Այս մարդը եղել է հրաշք, նաև շատ հումորով` նույնիսկ ճեմարանում «Մեծապատիվ մուրացկաններից» հատվածներ է բեմադրել, կաթողիկոսը զարմացել է: Շատ պայծառ կերպար է եղել, ինչու՞ ենք մենք  եղեռնական միշտ ներկայացնում նրան: Այս մարդը հրաշք անձնավորություն է եղել, իր ժողովրդին պայծառացրել է երգերով և գործով:
           Կոմիտասը նաև հեղինակ է մի քանի տասնյակ բանաստեղծությունների, նրա խոսքը զարմանալի պարզ է, բյուրեղյա, շատ անմիջական: 

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ
հեղինակ` Ս. Նաջարյան

 


      
Տեր իմ, սեր իմ
Գարուն ա...



Կոմիտասյան լեյլակներ

 
 Եկեղեցին հայկական



Սիրո վարդ

Հոգի-խխունջ






                      



                  



























ԻՆՔՆԱՆԿԱՐ





Գիշեր, գիշեր...






































Աղերս
 Կա’ց,  Տե~ր,  Տե’ր  իմ,
Բա’ց,  Տե’ր,  սե~ր  իմ.
  Զարկին  դևեր
 Իմ  թևեր.
Տո’ւր,  Տեր,
Հո’ւր,  Տեր,
Որպես խոտեր
        Էլ  չըդողան         
  Իմ  ոտեր…:

    Անմար սեր
 Քեզ չսիրե՞լ,
  Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել:

-Քեզի սիրել`
  Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:  
           
   Աշնան օր
Սևուկ ամպեր վար եկան
      Օրան, օրան,
Սարի վրա շար եկան:
      Ծագեց առավոտ,
      Պաղեց, սառավ օդ:    
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Ես զարկ տվեցի բանաստեղծ-Կոմիտասի կերպարին, և խաղարկային փոքրիկ ֆիլմ նկարահանվեց 25 րոպե` «Կոմիտաս բանաստեղծը», ռեժիսորը Ժիրայր Աղավելյանն էր:
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի  առթիվ իմ   « Կոմիտաս, հավերժի ճամփորդը» համերգ-ներկայացումը, օպերային չորս երգչուհիների հետ, առաջին մրցանակը շահեց
Երկու տարի առաջ էլ մեզ հրավիրեցին Աթենք: Հունաստանում` Աթենքի հայկական համայնքում ներկայացրեցինք իմ «Կոմիտաս» ներկայացումը: Այնքան լավ ընդունվեց: Սփյուռքում ավելի շատ են պատրաստված Կոմիտաս, Կանաչյան, Ալան Հովհաննես կարդալու, լսելու ընդունելու և հասկանալու, քան մեզ մոտ, որովհետև մայր հայրենիքում քիչ է պրոպագանդան:
                                              
ԵՐԱԶԱՆՔՍ
  2010 թ-ի ամենամեծ գործս եղավ Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան»` 20 մասից կազմված ֆիլմի անգլերեն տարբերակի ձայնագրումը: Յուրաքանչյուր մասը 25-30 րոպե է:
     2011թ-ին  իմ «Կոմիտաս»-ը ներկայացրեցի Երևանում: «Տաղարան» համույթի հետ եմ արդեն համագործակցումՆախատեսվում են դասական երաժշտության տարբեր համերգներ:
Նոր ձայնագրություններ եմ ծրագրել` Կոմիտաս, պոեզիա` Չարենց, Իսահակյան, կուզեի Դ' Սենթ Էքսզյուպերիի «Փոքրիկ իշխանը» նկարահանվեր, բայց ոչ շատ ժամանակակից արտահայտչամիջոցներով:
   2010 թվականից սկսեցի «Կուլիսներ» կամ «Ետնաբեմ» կենսագրական, նաև հուշերի, տպավորությունների գիրքը գրել: Գրքում կան մասնագիտական մոտեցումներ` բեմարվեստի, խոսքի էթիկայի, մարդկային հարաբերությունների և մարդկային հոգու շատ հատկանիշների մասին, որոնք թաքնված են շատ երևույթների, խոսքերի, վարվելակերպի «փայլի» ներքո: Ոչ մեկին չվիրավորող նուրբ և թաքուն հումորով համեմված զավեշտական պատառիկներ կլինեն նաև գրքում:
Իսկ մեծ արվեստագետների հետ շփումը իմ կյանքի ամենաերջանիկ պահերն են եղել և մնում:
            Ամենամեծ երազանքս է նկարահանել հավաստի,   մեծարժեք գեղարվեստական ֆիլմ Մեծն Կոմիտասի մասին, որի համար լուրջ և հոգևոր արժեքները գնահատող հովանավոր է պետք, հույսս չեմ կորցնում...    
                                    
Հարցազրույցը «Armenian Times» թղթակից` Սուսաննա Ներսեսյանի






Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...