
Խանգարվում է ներդաշնակությունը կյանքի ու սեփական հայացքների միջև...
Հոգեկան հիվանդությունները բնորոշվում են գլխուղեղի և նրա հիմնական ֆունկցիաների, հոգեկան գործունեության ախտաբանական փոփոխություններով: 2004թ-ին հիմնադրված հոգեբուժական բժշկական կենտրոնը ստեղծման օրվանից ի վեր նպատակ է ունեցել կազմակերպել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց բուժօգնությունը:
Կենտրոնում գործում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային բաժանմունքներ, որտեղ իրականացվում են որակյալ հոգեբուժական ծառայություններ: Բուժման ընթացքը խիստ անհատական է, կատարվում է միաժամանակ հոգեբույժի և հոգեբանի ներկայությամբ:
Մեր ծրագրի շրջանակներում «Առողջության բանաձև» հաղորդաշարի ստեղծագործական կազմն այս անգամ անդրադարձել է հոգեբուժական բժշկական կենտրոնի կազմում գործող Ավան հոգեբուժական կլինիկայի աշխատանքներին:
Հոգեբուժական բժշկական կենտրոնի կազմում գործող Ավան հոգեբուժական կլինիկայում շնորհիվ նոր սերնդի ատիպիկ դեղամիջոցների և բազմամյա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ մասնագետների՝ հոգեկան շատ հիվանդություններ այսօր լիարժեք բուժվում են. Կենտրոնը կարևոր տեղ է հատկացնում մասնագետների վերապատրաստվածությանը, որի արդյունքում բժիշկները հաջողությամբ կիրառում են բուժման արդիական մեթոդներն ու եղանակները:
Ուշագրավ են հատկապես բուժմանը զուգահեռ իրականցվող թերապևտիկ տարբեր միջոցառումները՝ նկարչություն, քանդակագործություն, որոնք խթանում են բուժման արդյունավետ ընթացքը:
Այսօր քիչ չեն հոգեկան խնդիրներով տառապողները, ովքեր ապրում են մեր կողքին, զգում հոգածության և սրտացավ վերաբերմունքի կարիք, պետք է հիշել, որ աննշան խնդրի դեպքում անգամ չպետք է դիմել ինքնակոչ բժիշկների, որոնք էլ ավելի կբարդացնեն հիվանդությունը` բուժման ելքը դարձնելով անհնարին:
Հետագա բարդություններից խուսափելու, որակյալ բուժում ստանալու հուսալի ճանապարհը հոգեբուժական բժշկական կենտրոնն է, որտեղ պատրաստ են բարելավվել հոգեկան խնդիր ունեցող մարդկանց կյանքն ու վերադարձնել լիարժեք կենսակերպի: