вторник, 17 марта 2015 г.

ՀՊՄՀ պաշտոնաթերթը 50 տարեկան է

«Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը 50 տարեկան է: Թերթի ծնունդը իրադարձություն էր բուհի կյանքում: Առաջին համարը լույս է տեսել 1965 թվականի մարտի 11-ին, որի առաջին խմբագիրը անվանի լեզվաբան Պետրոս Բեդիրյանն էր, այն ժամանակ Հայկական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ: Թերթի հոբելյանի առթիվ այսօր կազմակերպված ձեռնարկին ներկա էին թերթի տարբեր տարիների խմբագիրներ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու հյուրեր: Ի դեպ, բուհի ռեկտորը «Մանկավարժական համալսարան» մեդալ շնորհեց թերթի նախկին խմբագիրներ Պետրոս Բեդիրյանին, Շուշան Դանոյանին, Գոհար Ասիրբեկյանին, ինչպես նաև 2003 թվականից մինչ օրս թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին: Թերթի առաջին գլխավոր խմբագիր Պետրոս Բեդիրյանը տարիների հեռվից հիշում է տպագրության դժվարին պայմանները և վստահեցնում՝ յուրաքանչյուր համարի լույսընծայումը երեխայի ծնունդի էր նման.«Մանկավարժական համալսարանն ինձ համար սնուցող մայր էր, սրտի ցավով եմ թողել համալսարանը»,- նշեց Պետրոս Բեդիրյանն ու հավելեց՝ բուհը մինչ օրս էլ ինձ համար հարազատ օջախ է: Բուհի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ նկատեց, որ թերթելով բուհի տպագիր մամուլը՝ թերթում ենք Համալսարանի պատմության էջերը. դա տարեգրություն է, որտեղ ամրագրված է բազմաթիվ երևելի մանկավարժ գիտնականների գործունեությունը, բուհական մշակութային անցուդարձը, ուսանողական առօրյան.«Մշտապես գտնվելով բուհական կյանքի և ժամանակի իրադարձությունների կենտրոնում՝ պաշտոնաթերթը դարձել է այս ամենի յուրօրինակ տարեգիրը՝ կամրջելով ուսանողական և դասախոսական տարբեր սերունդների պատմությունը»: Ձեռնարկին ներկա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը չթաքցրեց՝ «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը հայ մամուլի պատմության մեջ իր փառավոր տեղն ունի: Նա հույս և ցանկություն հայտնեց, որ բուհական թերթերից միակ երկշաբաթաթերթը առաջիկայում կդառնա շաբաթաթերթ: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին պարգևատրեց միության բարձրագույն՝ «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով: «Թերթի յուրաքանչյուր համարի ծնունդը ստեղծագորածական մտքի և մարդկային ջանքի արդյունք համարեց:Հուսով եմ, որ թերթը կշարունակի մնալ հարազատ բուհի տարեգիրը և կքայլի դեպի սերնդափոխության նոր դարեր»,- նշեց Սիլվա Ասրյանը: Մանկավարժական համալսարան պաշտոնաթերթի 50-ամյակի առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, բուհի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ՀՊՄՀ Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը:

Նկարները՝ այստեղ

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...