воскресенье, 25 марта 2012 г.

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան ՖԻԼՄ 2010թ.

Ավելի քան 85-ամյա  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմությունը ժամանակների հոլովույթում ընդամենը կարճատև ակնթարթ է, իսկ համալսարանի համար  համառ մաքառումների, ինքնահաստատման, սերունդներին երկրի տիրոջ հոգեբանությամբ դաստիարակելու, նրանց մեջ ազնվության ու բարության հունդեր սերմանելու շարունակվող ճանապարհ:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, լինելով հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող մայր բուհը, այսօր Հայաստանի Հանրապետության մանկավարժահոգեբանական մտքի կենտրոնն է, ինչպես նաև հայագիտության, բնական գիտությունների, արվեստի ու մշակույթի ճանաչված օջախներից, որտեղ շատ անվանի գիտնական մանկավարժներ բեղմնավոր աշխատանք են կատարում գիտության տարբեր ճյուղերի բնագավառներում, արդիական  պահանջներին համահունչ դասավանդման մեթոդիկաների մշակման ու ներդրման ուղղությամբ:
Գիտամանկավարժական և ուսուցչական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ծառայությունների ու ակնառու հաջողությունների համար համալսարանը արժանացել է բազում պարգևների: Հատկապես ակներև  են ռեկտոր Արտուշ Ղուկասյանի ձեռքբերումները կրթական գործի կազմակերպման ոլորտում: Մանկավարժական մայր բուհի վաստակի բարձր գրավականը ՀՀ և տարբեր երկրների կողմից ստացված բազմաթիվ շնորհակալագրերն ու պատվոգրերն են, որոնց  թվում`  աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Ֆրիտյոֆ Նանսեն նոբելյան մրցանակ, ՀՀ ԿԳՆ ոսկե շքանշան, եվրոպական որակի միջազգային մրցանակ: Մշակութային բարձր արժեքների պահպանման համար` բուհը արժանացել է թագուհի Վիկտորիայի հուշամեդալին, իսկ Սոկրատեսի անվան միջազգային մրցանակը նոր սերնդի ինտելեկտուալ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի արժանի գնահատականն է:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը այսօր իր 10 ֆակուլտետներով, 50-ից ավելի ամբիոններով և ուսանողների թվով Հայաստանի Հանրապետության  խոշոր բարձրագույն ուսումնական հաստատություններից  է, որը  գիտական առաջընթացին համաքայլ այսօր նաև գիտամանկավարժական կադրեր է պատրաստում ողջ հանրապետության, Արցախի և սփյուռքի հայ կրթօջախների համար:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը  ունի դրոշ, օրհներգ, զինանշան  և  Խ. Աբովյանի անվան ոսկեզօծ հուշամեդալ:
2004 թվականից բուհում գործում է եռաստիճան  կրթական համակարգ` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա` համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով: Համալսարանում ստեղծված են ուսումնական պարապմունքների,  դասախոսության, լաբորատոր, գործնական, անհատական պարապմունքների, սեմինարների, մանկավարժական պրակտիկայի և ուսումնագիտական այլ աշխատանքների իրականացման համապատասխան պայմաններ:


Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը իրագործվում է ասպիրանտուրայի և հետբուհական հայցորդի կարգավիճակով սահմանված կրթության միջոցով: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալրում են 2 ակադեմիկոս, 53 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 20 պրոֆեսոր, 190 գիտությունների թեկնածու, դոցենտ, 72 գիտությունների թեկնածու դասախոս, 67 ասիստենտ, 412 դասախոս: Ընդհանուր առմամբ` 940 անձից բաղկացած պրոֆեսորադասախոսական անձնակազմ և 13 602 ուսանող:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը  ապագա մանկավարժների պատրաստման գործընթացը հայեցակարգային չափորոշիչներին համապատասխա­նեցնելու նպատակով բուհի կրթադաստիարակչական խնդիրների մեջ կարևորում է կապը հանրակրթական դպրոցի հետ` իրականացնելով աշխատանքներ շրջանավարտ-դպրոց հետագա կապը ամրապնդելու, հանրակրթական դպրոցի ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի ստեղծման ուղղությամբ:
Համալսարանը իր կառույցում ունի տարբերակված ուսուցմամբ ավագ դպրոց վարժարան` բնագիտական, մաթեմատիկական (գծագրություն), հումանիտար (լրագրություն) և տնտեսագիտական հոսքերով: Վարժարանում դասավանդում են համալսարանի համապատասխան ամբիոնների  պրոֆեսորներ և դասախոսներ:
Վարժարանի կրթադաստիարակչական գործունեությունը անընդհատ արդիականացման փուլում է: Այսօր ավագ դպրոց և Բուհ շարունակականության ապահովման, ինչպես նաև միասնական կրթական համակարգի ստեղծման նպատակով վարժարանում իրականացման փուլում է լրացուցիչ կրթական ծրագրերի, նախապատրաստական դասընթացների կազմակերպման, նախնական և միջին մասնագիտական ծրագրերի ներդրման գործընթացը:
Համալսարանը անմասն չի մնում միջազգային առաջատար համալսարանների և գիտակրթական կենտրոնների հետ համագործակցությունից, ինչի վկայումն է այն փաստը, որ այսօր համալսարանը սերտ համագործակցում է
·         Մոսկվայի քաղաքային պետական մանկավարժական համալսարանի,
·         Բուլղարիայի Վելիկո-Տիրնովոյի համալսարանի,
·         Թբիլիսիի Սուլխան Սաբա Օրբելիանիի մանկավարժական համալսարանի,
·         Սիրիայի համազգային հայագիտական կենտրոնի,
·         Ամստերդամի պետական համալսարանի,
·         Պրահայի Կառլովի համալսարանի,
·         Գլազգոյի Կալեդոնիա համալսարանի,
·         Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի,
·         Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան Սոֆիայի պետական համալսարանի,
·         Այովայի համալսարանի,
·         Քյոլնի ձայնի վերականգնողական ինստիտուտի հետ:
 2008 թվականից  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրվել է հետբուհական և շարունակական կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որի գերխնդիրն է հետբուհական և շարունակական կրթության բարեփոխումների գործընթացի ռազմավարության մշակումն ու կիրարկումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետբուհական և շարունակական կրթության ամբիոնը կոչված է ապահովելու ասպիրանտների կարողությունների զարգացման լայն շրջանակ` ապագա հետազոտական կարիերայի մեծ տիրույթի ընդգրկմամբ: Հետբուհական և շարունակական կրթության նախագիծը նոր նախահիմք կարող է դառնալ կրթության զարգացման համար:
 2009թ.-ին Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում հիմնադրվեց Մասնագիտական որակավորումների բարձրացման կենտրոնը, որի նպատակն է կրթական բարեփոխումների համատեքստում հանրապետությունում իրականացնել մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորումների բարձրացման և վերապատրաստման  գործընթաց: Համալսարանը 2008 թվականից  ի վեր իրականացնում է ավագ դպրոցների ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ`  կրեդիտային հենքով, միջազգային չափորոշիչներին  համապատասխան: Արդյունքում, իբրև ելքային փաստաթուղթ, տրամադրվում է համապատասխան հավաստագիր:
ԲՈՒՀ-ի կյանքում ավանդույթ է դարձել ամառային դպրոցի կազմակերպումը, որին մասնակցում են ոչ միայն մանկավարժական համալսարանի,  այլև Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպական բուհերից  հրավիրված ուսանողներ: Ամառային դպրոցի դասընթացները իրականացնում է Հայաստանի հանրապետության մանկավարժական բուհերի արհեստավարժ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Դասավանդման նպատակով հրավիրվում են նաև փորձառու և հմուտ մանակավարժներ արտասահմանյան առաջատար բուհերից:
Դպրոցի աշխատանքային ծրագրում մշակույթի և մշակութային բազմազանության հիմնախնդիրներն են, դիտարկվում է ինչպես նրանց ներքին դինամիզմը, այնպես էլ  միջմշակութային հաղորդակցման խնդիրները:
Համալսարանում գործում է նորագույն տեխնոլոգիաների ներդրման և որակի գնահատման կենտրոն, որը իրականացնում է ուսուցման նորագույն տեխնոլոգիաների մշակում   և  ներդրում, կրթության որակի գնահատման գործընթացների կազմակերպում, ուսուցման գործընթացի կազմակերպման և կատարելագործման արդյունավետ ծրագրերի, կանոնակարգերի և ընթացակարգերի մշակում, համալսարանի կրթական գործունեության /լիցենզիայի/ պայմանների որակի ամենամյա գնահատում, ինչպես նաև  ՀՀ բարձրագույն կրթության մանկավարժական ուղղության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների, առարկայական ծրագրերի մշակում ` նշյալ ոլորտներում աջակցելով միջբուհական կոնսորցիումի անդամ բուհերին:
Համալսարանում գործում է գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրականացվում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ` նպաստելով կրթության բարեփոխումներին ուղեկցող հիմնախնդիրների լուծմանը, կրթության բովանդակության արդիականացմանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմնական դժվարությունների  և դրանց հաղթահարման խնդիրների բացահայտմանը:
Բազային ենթակառուցվածք հանդիսացող հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան աշխատանքներ է իրականացնում բուհում տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմնական դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահարման ուղղություններով:
Համալսարանում գործում է հոգեբանական ծառայությունների կենտրոն, որը կատարում է հոգեբանական խորհրդատվություն ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական հոգեբանամանկավարժական հարցերի շուրջ: Իրականացվում է հոգեդիագնոստիկ և փորձարարական մեթոդների մշակում, տեղայնացում և ստանդարտացում:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում իր արդյունավետ գործունեությունն է ծավալում լոգոպեդական ծառայությունների հանրապետական կենտրոնը, որտեղ մանկավարժահոգեբանական ու բժշկակենսաբանական թեքումով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ու բուհերի բարձր կուրսերում սովորող ուսանողները ստանում են լրացուցիչ մասնագիտական կրթություն:
Համալսարանում հրատարակվում են ՙՀայագիտական հանդես՚, ՙԳիտական տեղեկագիր՚ խորագրերով պարբերականները և ՙՄանկավարժական համալսարան՚ ամենամսյա պաշտոնաթերթը: Համալսարանի գործունեության հիմնական նպատակը եղել և մնում է ՀՀ հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական և այլ ուսումնական հաստատությունները բարձրորակ մանկավարժական կադրերով ապահովելը: Կրթական համակարգի բարեփոխումների և արդիականացմանն ուղղված աշխատանքների շուրջ  2008թ.-ից  մինչ օրս  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացներ բավական ընդգրկուն աշխարհագրությամբ` ներառելով ՀՀ գրեթե բոլոր մարզերի ավագ դպրոցները:
2007թ-ից ի վեր մանկավարժական բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում Բոլոնիայի համաձայնագրի հիմնական դրույթները համակարգված և միասնական կերպով ներդնելու նպատակով հիմնադրվեց միջբուհական կոնսորցիումը, որի կազմում ներառված են.
·         Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը
·         Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը
·         Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը
·         Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը
·         Գավառի պետական համալսարանը
·         Գորիսի պետական համալսարանը
·         ՀՀ ԿԳՆ  կրթության ազգային ինստիտուտը:
Ընդգրկված հաստատությունները  իրենց լիազորությունների շրջանակներում փոխհամաձայնության պատրաստակամություն հայտնեցին` ակտիվ գործունեություն ծավալելու Բոլոնիայի համաձայնագրի դրույթները համակարգված իրականացնելու ուղղությամբ: Կոնսորցիումը հրատարակում է  ՙՄանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ՚ գիտական հանդեսը, որը միտված է նպաստելու ՀՀ բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի բարելավմանը և առաջընթացին:
Կրթական համակարգի բարեփոխումների և արդիականացման համատեքստում Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ  գերխնդիրն է ներկայիս մարտահրավերներին համապատասխան մանկավարժների պատրաստումը, մասնագետներ, ովքեր կերտելու են վաղվա քաղաքացուն` համալրելով  մրցունակ, ինչպես  նաև այլ երկրներում պահանջարկ ունեցող ուսուցչական և գիտական կադրերի կազմը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...